Բեզոարյան այծը, քարայծը կամ մորուքավոր այծը (լատ.՝ Capra aegagrus), սնամեջ-եղջերավորների ընտանիքին պատկանող երկկճղակավոր կենդանի է, լեռնային վայրի այծ, որն ապրում է բազմազան  կլիմայական պայմաններում՝ անապատայինից մինչև լեռնային գոտիներ: Բեզոարյան, կամ վայի այծը ներկայիս տնային այծերի հիմնական նախնիներից է: Բեզոարյան այծերն իրենց անվանումը ստացել են շնորհիվ նրանց ստամոքսում առկա կարծրացած մազափնջի, որն այլ կերպ անվանում են բեզուար: Նախկինում մարդիկ բեզուարը համարել են հաջողության խորհրդանիշ, ինչն էլ և պատճառ է հանդիսացել Բեզոարյան այծերի քանակի կրճատման: Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:

Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը: ՀՀ-ում ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Գնիշիկի կիրճը: Առանձին խմբեր պահպանվել են Խուստուփ լեռան վրա, Որոտանի կիրճում, Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

Վայոց Ձորի Շատին գյուղում գործող «Դիտակետ»-ը հնարավորություն է տալիս այցելուներին հետևելու բեզոարյան այծերին, տեսնել թե ինչպես են նրանք իջնում ձոր՝ ջուր խմելու: Շնորհիվ քարքարոտ ու ժայռոտ տարածքի այծերը կարողանում են խուսափել վայրի գազաններից և մագլցել ժայռերը: Բեզոարյան այծի պոպուլյացիան, հանդիսանալով եզակի և անհետացման եզրին գտնվող տեսակ, կարող է գրավել ոչ միայն մասնագետների ուշադրությունը, այլ նաև կարող է յուրահատուկ այցեքարտ հանդիսանալ Հայաստանի տուրիզմի զարգացման համար՝ ստեղծելով հայկական նոր բրենդ: