Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է: Հայկական գորգը տարբեր ժամանակներում և տարածաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ: Հայ գրականության մեջ կարպետ բառը հանդիպում է 5-րդ դարից՝ Աստվածաշնչի թարգմանության մեջ: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է եղել: Ուշագրավ է նաև գորգի մեկ այլ անվանումը՝ խալի կամ գալի, որը ծագում է Կալիկալա՝ Կարին քաղաքի արաբերեն անվանումից, քաղաք, որը հայտնի է եղել իր հարուստ գորգարվեստով: Միջնադարյան հայ գրականության մեջ հանդիպում է գորգի ևս մեկ հոմանիշ` բազմական, «բազմել» բառից:
Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել ի շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը ստացել են որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևներից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները: Նռան կեղևից ստացել են սև գույնը, կապույտ գույն ստանալու համար օգտագործել են տարբեր բույսերից ստացված ներկերն իրար խառնելու տեխնոլոգիան, բայց հիմնականում Հնդկաստանից ներկրվում էր ինդիգո հայտնի ներկանյութը: Միջնադարում հայկական գորգերի հռչակը մեծապես պայմանավորված էր որդան կարմիրից ստացված երանգներով, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերը անվանում էին նաև «կարմիր գորգեր»:

Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը դրանց զարդանախշերն են, քանի որ դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը: Հայկական գորգերը իրենց մեջ կրում են մեծ քանակությամբ ծիսական, պատկերային և գաղափարական զարդանախշեր: Հայկական գորգերում օգտագործված զարդանախշերը լայնորեն կիրառվել են նաև քանդակագործության, մանրանկարչության, ճարտարապետության, արծաթագործության մեջ: