Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգագավառին  հատուկ ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն ու բարքը, կենցաղը, մշակութային շատ տարրեր, այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտարթուն հսկողության տակ, որն արգելում է յուրաքանչյուր շեղում՝ գրված, կանոնագրված կամ չգրված սովորութային իրավունքից ու ավանդական  բարքերից: Հագուստը սերտորեն կապված է նաև էթնիկական ընդհանրության հոգեկան կերտվածքի առանձնահատկությունների հետ: Ըստ այդմ` մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի  յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից: <br>
Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ: Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները:

Տղամարդու հայկական տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար): Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը: Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից: Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով: Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը: Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ: Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից: Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ: Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը): Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները: Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը: