Չնայած իր փոքր աշխարհագրական չափսերին, Հայաստանը հանդիսանում է պատմական թատերաբեմի անկյունաքարերից մեկը, որի վկանները դարեր ի վեր մեզ հասած մշակութային ոչ նյութական և նյութական արժեքներն են: Սա հնի և նորի երկիր է, որտեղ իրար զուգահեռ քայլում են դարերը, պատմամշակութային և ճարտարապետական բացառիկ նմուշների տեսքով, որոնցից մի քանիսը նույնիսկ ընդգրկված են UNESCO-ի մշակութային Ժառանգությունների ցանկում: Վերջինիս Հայաստանը միացել է 1992 թվականին և համալրել է դրա ցանկը մոտ հինգ նյութական նմուշներով, որոնց թվում են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի տաճարը, Զվարթնոցի տաճարը, Գեղարդավանքը և Ազատի հովիտը:  Ստորև ներկայացված է տեղեկություն վերոնշյալ պատմամշակութային արժեքների մասին:

Սանահին

Սանահինի միջնադարյան վանական համալիրը տեղակայված է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համանուն գյուղում: Վերջինս հիմնվել է Աշոտ Գ Ողորմածի կողմից`  966թ.-ին, իսկ անվան նշանակությունը բացատրվում է “սա նրանից (Հաղպատից) հին է” արտահայտությամբ:
Սանահինի վանական համալիրը եղել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային և կրթական համալիրներից մեկը, որն ունեցել է դպրոց իրեն կից հսկա գրադարանով: Ընդհանուր կառույցը բաղկացած է Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիներից, երեք գավիթներից, զանգակատնից, գրատնից և Սբ. Գրիգոր մատուռից:
Սանահինի վանական համալիրի տարածքում են պահպանվել ավելի քան հիսուն խաչքարեր, որոնք Հայաստանի միջնադարյան քանդակագործական արվեստի լավագույն նմուշներց կարելի է համարել:

Հաղպատ

Հաղպատի վանական համալիրը հիմնադրվել է 976թ-ին Աշոտ Գ Ողորմածի կողմից: Վերջինս տեղակայված է կիրճերով շրջապատված սարահարթի վրա: Այս համալիրը միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկն էր, որտեղ գործել են նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, այդ թվում նաև “Հաղպատի Ավետարանը”:
Հաղպատի եռահարկ զանգակատունը գտնվում է համալիրի արևելյան մասում, որի առաջին երկու հարկերում տեղակայված են յոթ աղոթարաններ: Կառույցը աչքի է ընկնում իր զարմանալի համաչափությամբ:
Համալիրը հարուստ է նաև միջնադարյան որմնանկարներով, որոնցից մեզ է հասել միայն ավագ խորանի որմնանկարների առաջին շերտը, որտեղ պատկերված է գահին նստած Քրիստոսը:

Էջմիածնի Մայր տաճար

Էջմիածնի Մայր տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է և վաղ քրիստոնեության շրջանի լավագույն ճարտարապետական կոթողներից մեկը: Վերջինս կառուցվել է IV դարի սկզբներին, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո` Գրիգոր Լուսավորչի կողմից:
Ըստ 5-րդ դարի հայ պատմիչների վկայության առաջին քրիստոնյա եկեղեցիները հիմնադրվել են հեթանոսական մեհյանների տեղում։ Բացառություն չէ նաև Մայր Տաճարը, որը հիմնադրվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված տաճարի տեղում, իսկ կատարված պեղումների արդյունքում Ավագ խորանի տակ հայտնաբերված կրակարանը գալիս է կրկին անգամ հաստատելու այս վարկածը:
7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանային հատվածը, որտեղ պահվում են հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն: Կա նաև հայկական հին դրամների, գորգերի, նկարների և այլ արժեքավոր նյութերի հավաքածու։

Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճարը կառուցվել է 641-661 թվականներին Ներսես Երրորդ Շինարար կաթողիկոսի կողմից: Տաճարը հայ եկեղեցաշինության բացառիկ նմուշներից մեկը կարելի է համարել: Վերջինս եղել է գլանաձև, աստիճանաբար նվազող հարկերով` եռահարկ մի շինություն, որն ունեցել է հինգ շքամուտք: Ողջ շինությունը քանդակազարդված է հիմնականում խաղողի որթերի և նռնապատ ճյուղերի որմնաքանդակներով և պատված է եղել հոգևոր անձանց 32 բարձրաքանդակներով, որոնցից մեր օրեր են հասել միայն 9: Կառույցը 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութակակ ժառանգություների շարքում:
Ենթադրվում է, որ տաճարն ավերվել է X դարում` երկրաշարժի հետևանքով: Ըստ պատմական տվյալների, տաճարը կառուցվել է Տիր աստծուն նվիրված մեհյանի տեղում, որի մասին փաստում է պեղումների արդյունքում հայտնաբերված Ռուսա II արքայի կողմից գրված սեպագիր առձանագրությունը` այդ հատվածում այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու մասին:

Գեղարդի վանք

Գեղարդի վանքը Հայաստանի հնագույն վանքերից է, որն ըստ պատմական տվյալների կառուցվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո, Գրիգոր Լուսավորչի կողմից` հեթանոսական մեհյանի տեղում:
Սա ժայռափոր կառույցների բարդ համալիր է որն իր մեջ ներառում է երկհարկանի քարակերտ տաճարներ ու կից եկեղեցի: Այն գտնվում է Երևանից հարավ-արևելք, երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղակայված է Ազատ գետի վերին հոսանքի աջ ափին, պատմական Գեղարդաձորում, որի շնորհիվ էլ անկախ բազմաթիվ հարձակումներից, մնացել է անառիկ և անմատչելի: